ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Մոսկվան Մեծ Մերձավոր Արևելքում ոչինչ ձեռքից բաց չի թողնում

Մոսկվան Մեծ Մերձավոր Արևելքում ոչինչ ձեռքից բաց չի թողնում
18.01.2020 | 14:29

Կրեմլի կայքը հաղորդում է, որ Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Խաֆթարը նամակ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Նա շնորհակալություն է հայտնել Լիբիայում խաղաղության հասնելու ջանքերի համար:
Խաֆթարը հաստատել է, որ պատրաստ է նորից Մոսկվա գնալ՝ բանակցելու Լիբիայի իրավիճակի կարգավորման համար: «Երախտապարտ եմ Ձեզ և լիակատար աջակցություն եմ հայտնում Մոսկվայում խաղաղ բանակցությունների անցկացման նախաձեռնությանը, որ պետք է խաղաղություն բերի Լիբիային» գրել է Խալիֆա Խաֆթարը՝ հավարտ նամակի «խորին երախտագիտություն ու հարգանք» արտահայտելով: Նա համաձայն է նաև մասնակցել Լիբիայի հարցով միջազգային սամիթին Բեռլինում:


Բեռլին մեկնելու պատրաստակամություն է հայտնել և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Հունվարի սկզբին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները առաջարկեցին հրադադար հայտարարել Լիբիայում և իրավիճակի կարգավորման համար բանակցել Մոսկվայում: Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Խաֆթարը և ՄԱԿ-ի ու Անկարայի աջակցությունը վայելող կառավարության վարչապետ Ֆայիզ Սարաջը մեկնեցին Մոսկվա: Բայց Մոսկվայում Խաֆթարը հրաժարվեց ստորագրել հրադադարի համաձայնագիրը: Al Arabiya-ի տվյալներով՝ նա համարեց, որ համաձայնագիրն անտեսում է իրենց պայմանները: ՌԴ ՊՆ-ն հաստատեց, որ Խաֆթարը 2 օրվա «դադար է խնդրել՝ քննարկելու փաստաթուղթը Լիբիայի ազգային բանակին աջակցող ցեղապետերի հետ»:
РБК


Հ.Գ. Հաֆթարը ժամանակը իզուր չի կորցրել՝ նա երեկ բանակցել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ՝ Աթենք ժամանելով չհայտարարված այցով: Դենդիասն անմիջապես ընդունել է նրան՝ Հանդիպմանը լրագրողներ չեն եղել: Հաֆթարը քննարկում է Լիբիայի կարգավորման հարցը Բեռլինի համաժողովի նախօրեին: Հունաստանին հրաժարվել են հրավիրել համաժողովին՝ չնայած համառ խնդրանքներին: Հաֆթարը հանդիպել է նաև Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ: 2019-ի ամփոփիչ մամլո ասուլիսում ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովը նույնպես ասել է, որ պատրաստվում է մասնակցել Լիբիայի հարցով Բեռլինի համաժողովին, հունվարի 19-ին:
Լավրովը նույնպես ժամանակը իզուր չի կորցնում՝ Տաշքենդում նա քննարկել է ռուս-ուզբեկական հարաբերությունները և նախագահ Շավկատ Միրզիոևի այցը Մոսկվա, որ ծրագրված է 2020-ի փետրվարին: Կրեմլում բանակցությունների գլխավոր հարցերից մեկը կլինի Ուզբեկստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին: Լավրովի խոսքով՝ Մոսկվան շահագրգռված է, որ Ուզբեկստանն ամրապնդի հարաբերությունները ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի հետ: Ուզբեկստանի նախագահի Մոսկվա այցից առաջ տեղի կունենա առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը, որը կքննարկի նախապատրաստվող պայմանագրերի նախագծերը: «Մենք ամբողջ շարք միջոցառումներ ունենք, որ կցանկանայինք ձեզ առաջարկել, որպեսզի լավագույնս կազմակերպվի մեր փոխհարաբերությունների այդ իրադարձությունը»՝ ասել է ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնակատարը Ուզբեկստանի ԱԳ նախարար Աբդուլազիզ Կամիլովի հետ հանդիպմանը: Լավրովն ասել է, որ ռուս-ուզբեկական հարաբերություններն այս փուլում աննախադեպ վերելք են ապրում բոլոր ոլորտներում առանց բացառության՝ տնտեսություն, հումանիտար ոլորտ, ռազմատեխնիկական համագործակցություն: Փաստացի՝ Մոսկվան Մեծ Մերձավոր Արևելքում ոչինչ ձեռքից բաց չի թողնում: Բայց կցանկանա՞ Ուզբեկստանն անդամակցել ԵԱՏՄ-ին կամ ՀԱՊԿ-ին: Ի՞նչ է խոստանում Կրեմլը ի տրիտուր:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4146

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ